Սև ու Կասպից ծովերի միջև, Կովկասյան լեռներից հարավ, կա մի <<լեռնային կղզի>>, որն անվանում են Հայկական լեռնաշխարհ։ Այն մեր պատմական հայրենիքն է։ Շրջակա մյուս տարածքներից այն տարբերվում է իր բարձրադիր դիրքով։ Ծովի մակարդակից լեռնաշխարհի միջին բարձրությունհ 1700 մ է։ Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է; Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններ; Հայկական լեռնաշխարհի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում;

Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, այն միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը:Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն կոչել է պարզապես Մայր Արաքս։Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։

Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը։