Հայաստանի վաղ պատմավարչական բաժանումները։  Հնագույն ժամանակաշրջանում՝ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը։

Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Այդ վիճակը փոխվեց Ք․ա․ 4-րդ դարում։

Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։ Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի  թագավորությունները։

Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր  և նշանավոր աշխարհը Այրարատն է։ Պատահական չէ, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը (Երևան, Անի, Արտաշատ, Դվին, Արմավիր, Կարս, Վաղարշապատ և այլն) եղել է Այրարատ աշխարհում։

Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք։ Նրանց սահմանաբաժանը  Արևմտյան Եփրատն էր։ Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ․ քառ․ կմ։

Հետագա դարերի փոփոխությունները։ 5-րդ դարում Հայաստանի անկախ պետականության անկումից մի քանի դար անց հայերը կրկին վերականգնել են անկախ հայկական պետականությունը։ Ստեղծվել են մի քանի թագավորություններ։ Բագրատունիների և հայկական այլ իշխանական տոհմերի գլխավորությամբ Հայաստանում անկախ պետություններ են ստեղծվել և գոյատևել 9-12-րդ դարերում։

Հայերը 11-14-րդ դարերում զորեղ պետություն են ունեցել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում։ Այն ընդգրկել է մինչև  50 հազ․ քառ․ կմ տարածք։

Սակայն ժամանակի ընթացքում հայերի հայրենիքում օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով Հայաստանի մեծ մասը հայազրկվել է։ Հայերը կորցրել են իրենց պապենական հողերի մեծագույն մասը։

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ․ քառ․ կմ տարածք։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։ Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։ 1990-ական թթ․ սկզբին ծավալված Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ ստեղծվեց մեր օրերի հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)։ Նրա մաս են կազմում գավառներ պատմական Արցախ և Սյունիք նահագներից։ ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ  բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը  և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։